Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հանրության շրջանում ակտիվ քննարկան առիթ են հանդիսանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան հրապարակումները Հայ առաքելական եկեղեցու մասին:
Բագրատյանի քննադատական հրապարակումները խիստ բացասական են ընկալում հատկապես հոգևոր սպասավորներն ու գործող իշխանության ներկայացուցիչները: Սակայն քիչ չեն մարդիկ ովքեր պաշտպանում են Բագրատյանի տեսակետը:
Հրանտ Բագրատյանի Հայ առաքելական եկեղեցու մասին կատարած վերջին առաջարկությունների մասին երիտասարդ քաղաքական գործիչ, ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը գրել է.«Հրանտ Բագրատյանը 11 կետով բարեփոխում է առաջարկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: ծեսերին վերաբերող առաջարկություններին ես համաձայն չեմ: Օրինակ պատարագի լեզվի կամ կանանց մասնակցության հարցերը եկեղեցու ներքին հարցերն են: Պետությունը իրավունք չունի դրանց խառվելու: Մնացած բոլոր կետերին համաձայն եմ 100%-ով: Ավելին,պետությունը պարտավոր է նույն խստությամբ պատժելու բոլոր օրինախախտ քաղաքացիներին, անկախ նրանց եկեղեցական պատկանելությունից: Գարեգին Բ Ն.Ս.Օ.Տ.Տ. Կաթողիկոսը, օրինակ, պետք կանգնի դատարանի առաջ, դատախազությունը պետք է պարզի նրա ունեցած ֆինանսական խարդախությունների, հարկերից խուսափելու բոլոր մանրամասները, չխոսած հոկտեմբերի 27-ի գործի մասին: Վստահ եմ արդյունքում մեր ժողովուրդը անակնկալի գալու շատ առիթներ կունենա: Հավանաբար կպարզվի նաև, թե եկեղեցին և անձամբ Գարեգին Բ-ն ինչու են այնքան անմնացորդ ու հավատարիմ ծառայում մի քաղաքական ռեժիմի, որի պատճով հարյուրավոր երեխաներ են զոհվել»,-գրել է Նարեկ Սագսյանը:
Հիշեցնենք օրերս Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
Ինչպես և խոսք էի տվել ստորև հրապարակում եմ ՀԱՍԵ-ի բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարևոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձևային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱՍԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱՍԵ-ի թերությունների և բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը և այլք։
Մինչև ՀԱՍԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետևյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱՍԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին և աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։ Ուրեմն ի՞նչու պիտի ՀԱՍԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չ՞է որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր և դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։
Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արևմտյան ու արևելյան հատվածների, իսկ ապա նաև կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արևելյան հատված)։ Այստեղ ահա մենք ունենք նաև ազգային քրիստոնեություն՝ հանձինս ՀԱՍԵ-ի։ Սա դեռ քիչ է, ՀԱՍԵ-ն էլ բաժանված է 2 կաթողիկոսության։ Պետք չ՞է արդյոք մտածել, որ այս իրադարձությունների հետևում ոչ թե ինչ-որ պատմական անհրաժեշտություն պետք է փնտրել (օրինակ, “ազգապահպանությունը”), այլ մեր սուրբ հայրերի ընդհանուր կարգ ու կանոնին չենթարկվելու կամակորությունը։ Ի վերջո, պատմական շատ իրադարձություններ ցույց են տվել և Արևմուտքի, և Արևելքի անտարբերությունը ՀԱՍԵ-ի հավատացյալների հանդեպ։
Հիմա կյանքն առաջ է գնում։ Այստեղ ահա առաջ ենք քաշում ՀԱՍԵ-ի բարեփոխման առաջին հիմնական թեզը՝ այն բոլոր առումներով պետք է մոտենա, ներդաշնակվի քրիստոնեական եկեղեցիներին։ ՀԱՍԵ-ն պետք է մոտենա մարդուն։ Աստծու հետ հաղորդակցվելու համար քաղաքացին պարտավոր չէ անպայման գնալ եկեղեցի և շփվել ՀԱՍԵ-ի սպասավորների հետ։ Ոչ-ոք քաղաքացուն չպետք է կշտամբի դրամ չունենալու համար, մոմ վառելու համար փող չպահանջի։ ՀԱՍԵ-ի սպասավորներն իրենք են պարտավոր քաղաքացուն ընդառաջ գնալ։
Երկրորդ, ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։
Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։ Չորրորդ, ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ամեն տարվա սկզբին պետք է հրապարակեն իրենց գործունեության հաշվետվությունը։
Հինգերորդ, յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգևոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։
Վեցերորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաև մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտները։
Յոթերորդ, իրենց բոլոր ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է տրամադրեն ՀԴՄ։
Ութերորդ, ՀԱՍԵ-ի, մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով։ Հոգևորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների և ունեցվածքի հայտարարագիր։
Իններորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաև մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտների անբավարարության դեպքում նրանք ՀՀ պետական բյուջեից դոտացիա պետք է ստանան։
Տասներորդ, պետք է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր և այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն և մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին։
Տասնմեկերորդ, այս կամ այն գործարարի և/կամ օլիգարխի կողմից նվիրատվությունները եկեղեցիների, հողերի և այլ անշարժ գույքի տեսքով ՀԱՍԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին պետք է/կարելի է ձևակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։